Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է մեծացնել ԱՊՀ երկրների միրգ–բանջարեղենի պահանջարկը

Լրացուցիչ պահանջարկ կարող է առաջանալ ջերմոցային բանջարեղենի, վաղահաս մրգերի, կեռասի, ծիրանի և դեղձի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանը կարող է ջերմոցային բանջարեղենի և մրգերի լրացուցիչ պահանջարկ ներկայացնել ԱՊՀ երկրներին՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին, որն արդեն իսկ հանգեցրել է Իրանի հետ ապրանքաշրջանառության կրճատման։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ այս մասին հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, ՌԴ կառավարության ագրարային դեպարտամենտի նախկին ղեկավար Լեոնիդ Խոլոդը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կազմակերպված քննարկման թեման էր՝ «Արդյոք ԵԱՏՄ երկրներին սննդամթերքի դեֆիցիտ է սպառնում Իրանում ընթացող պատերազմի պատճառով»։
Խոլոդի խոսքով՝ Իրանի հետ ագրարային առևտուրը մեծամասամբ դադարեցվել է։ Սեզոնի սկզբից ի վեր՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի սկիզբը, Ռուսաստանն Իրան է մատակարարել մոտ 6 մլն տոննա հացահատիկ։ Իրանից ՌԴ էր ներկրվում մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղենային արտադրանք, ընկուզեղեն, չրեր, պահածոյացված բանջարեղեն, ինչպես նաև իրանական փախլավա և դեկորատիվ չրեր։ Ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմում էր 2,7–2,8 մլրդ դոլար։
Կասպից ծովով հացահատիկի առևտուրը հիմա պահպանվում է, բայց ծավալները զգալի նվազել են։
«Իրանի հետ ապրանքաշրջանառության կրճատումը հանգեցնում է այդ ուղղությամբ ռուսական հացահատիկի վաճառքի ծավալների նվազման և ներքին շուկայում ջերմոցային, վաղահաս և ոչ սեզոնային վարունգի ու լոլիկի պակասի։ Սա իր հերթին լրացուցիչ պահանջարկ է ստեղծում ԱՊՀ երկրների արտադրանքի նկատմամբ»,- ասաց Խոլոդը։
Նրա խոսքով` լրացուցիչ պահանջարկ կարող է առաջանալ ջերմոցային բանջարեղենի, վաղահաս մրգերի, կեռասի, ծիրանի և դեղձի նկատմամբ։ Այդ արտադրանքը բավականին խոշոր գումարի՝ ավելի քան 1,5 մլրդ դոլարի չափով Իրանից էր մատակարարվում ՌԴ։

Ինչպե՞ս է ճգնաժամն անդրադառնում Պարսից ծոցի երկրների վրա

Փորձագետի գնահատմամբ՝ ծանրագույն դրության մեջ են հայտնվել Պարսից ծոցի երկրները, քանի որ նրանք 90%-ով կախված են հացահատիկի արտաքին մատակարարումներից, 85%-ով՝ ընդհանուր սննդամթերքի ներկրումից։
«Այդ սննդամթերքի մեծ մասը՝ մոտ 75%-ը, անցնում էր Հորմուզի նեղուցի «նեղ կոկորդով»։ Նեղուցի շրջափակումը հանգեցրել է նրան, որ արտադրանքը ավիացիայով կամ ավտոտրանսպորտով հասցնելը գործնականում անհնար է. հեռավորությունները մեծ են, այլընտրանքային նավահանգիստները ռմբակոծվում են, օդանավակայանները նույնպես ավերվում են։ Եթե ճգնաժամը ձգձգվի, սննդամթերքի լուրջ խնդիրներ կառաջացնի և կհանգեցնի ռուսական արտադրանքի թերի մատակարարման»,- նշեց փորձագետը։
Ընդհանուր առմամբ Պարսից ծոցի երկրներ (այդ թվում` Սաուդյան Արաբիա և Միացյալ Արաբական Էմիրություններ) մատակարարվում էր 2–3 մլրդ դոլարի սննդամթերք՝ ներառյալ հացահատիկ։ Հիմնական լոգիստիկ հանգույցները գտնվում են ԱՄԷ-ում, որտեղ առանցքային նավահանգիստն ու օդանավակայանը ռմբակոծվել են, ինչն առավել քան բարդացնում է իրավիճակը։

Հետևանքները համաշխարհային հանրության համար

Ծանր հետևանքներ են սպասում նաև համաշխարհային հանրությանը, առաջին հերթին՝ գյուղատնտեսության ոլորտում:
Փորձագետը պարզաբանեց, որ Ծոցի երկրներն արտադրում էին հսկայական քանակությամբ հանքային, մասնավորապես՝ ազոտական պարարտանյութեր, որոնք առանձնապես պահանջված են գարնանը հողի մշակման համար։ Ֆոսֆորական պարարտանյութերն ավելի ուշ են պետք, սակայն դրանց հարցում նույնպես դժվարություններ կառաջանան։
Խոլոդը պարզաբանեց, որ համաշխարհային առևտրում Պարսից ծոցի երկրների մասնաբաժինը գերազանցում է 30%-ը։ Խոշորագույն արտադրողը Կատարն է։ Ամոնիակ և կարբամիդ (ազոտական պարարտանյութերի հումք) արտադրող ձեռնարկություններից մեկը ենթարկվել է ռմբակոծության։ Այս ձեռնարկության վերանորոգման արժեքը գնահատվում է 25 միլիարդ դոլար, իսկ վերականգնումը կարող է տևել մինչև հինգ տարի։
Այն տարեկան արտադրում էր շուրջ 9 միլիոն տոննա պարարտանյութ։ Հիմա մոտ մեկ միլիոն տոննան մնացել է նեղուցում գտնվող նավերի վրա և չի կարող ժամանակին հասնել Արևելյան Աֆրիկայի երկրներ, Հնդկաստան, Ավստրալիա և Հարավարևելյան Ասիա։
«Պարարտանյութերի հետ կապված ճգնաժամը նեղուցի շրջափակման առաջին բացասական հետևանքն է։ Երկրորդն այն է, որ այնտեղից չի կարող դուրս բերվել հեղուկացված և սովորական գազը, որի գինը վերջին երկու շաբաթվա ընթացքում աճել է 30%-ով։ Ստացվում է, որ գազը թանկացել է, այն չի հերիքում, և ինչ-որ առումով ավելի շահավետ է այն ուղղել այլ նպատակների»,- ասաց նա։
Խոլոդն ընդգծեց՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը հանգեցրել է գյուղմթերքի գների աճի և արտադրության ծավալների կրճատման։ Ըստ փորձագետի՝ մոլորակի վրա սովի պայմաններում ապրող մարդկանց թիվը կարող է աճել 30-40%-ով՝ հասնելով աշխարհում 360-380 միլիոնի։