Իսրայելում փակ են հայկական եկեղեցիները և Սուրբ Հարության տաճարը. ինչպես են տոնելու Զատիկը

Երուսաղեմի հայկական եկեղեցին. Արխիվային լուսանկար
Տիրան վարդապետը խոսել է զատկական արարողությունների անցկացման մասին, եթե ռազմական գործողությունները շարունակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայկական տաճարների, ինչպես նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի (Հիսուսի գերեզման) մուտքերը փակ են անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ, հոգեշնորհ տեր Տիրան վարդապետ Հակոբյանը` հավելելով, որ, եթե այս իրավիճակը շարունակվի, զատկական խոշոր արարողությունները կարող են չեղարկվել և անցկացվել միայն հոգևորականության մասնակցությամբ։
Իսրայելի և ԱՄՆ-ի` Իրանի դեմ փետրվարի 28-ի առավոտյան սկսած ռազմական գործողություններից հետո Իսրայելի իշխանությունները կարգադրել են փակել բոլոր հասարակական վայրերը, սրբավայրերը՝ հրեական, քրիստոնեական և մահմեդական: Սուրբ Հարության տաճարում հոգևորականները կատարում են ամենօրյա ծիսակարգերը, սակայն քաղաքացիները դրանց չեն մասնակցում:
«Երկրում ընդհանուր իրավիճակը անհանգստացնող է, լարված, պատերազմ է ընթանում։ Մենք չգիտենք, թե ինչ հետևանքների կհանգեցնեն հրթիռային հարվածները։ Ընդ որում` Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է արդյունավետ և հարաբերական անվտանգության զգացողություն է ստեղծում: Այնուամենայնիվ, առօրյա կյանքը զգալիորեն խաթարված է: Փակ են դպրոցները, խանութները, սահմանափակված է տեղաշարժը, օդանավակայանը չի գործում: Մարդիկ ստիպված են մնալ տանը, երեխաներն անցել են հեռավար ուսուցման, որը, ինչպես նշվում է, չի կարող լիարժեք փոխարինել առկա կրթությանը»,– ասաց նա։
Հոգևորականի խոսքով` այս պահին սննդամթերքի դեֆիցիտ չկա, սակայն խանութներն աշխատում են սահմանափակ ռեժիմով. շատերը բացվում են շաբաթական ընդամենը մի քանի ժամով, իսկ բնակիչները գնումներ են կատարում միանգամից երկար ժամանակահատվածի համար: Վարդապետը նշեց, որ հայ համայնքը կենտրոնացած է մի քանի առանցքային կետերում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Հայֆա, Բեթղեհեմ, ինչպես նաև Պետախ Տիկվա, Բատ Յամ, Հոլոն:
«Վերջին տեղեկություններով՝ հայ համայնքի շրջանում զոհեր կամ տուժածներ չկան: Մի քանի օր առաջ հրթիռի բեկորներից մեկն ընկել է Սուրբ Հարության տաճարի շրջակայքում՝ գմբեթից մոտ 100 մետր հեռավորության վրա, հույն հոգևորականներից մեկի տան տանիքին։ Փոքր բեկորներ են ընկել նաև Հին քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ հայկական, հրեական, մահմեդական և քրիստոնեական թաղամասերում: Զգալի վնասներից և մարդկային զոհերից հաջողվել է խուսափել»,– ավելացրեց վարդապետը:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ եթե ներկայիս իրավիճակը պահպանվի, զատկական խոշոր արարողությունները կարող են չեղարկվել: Նրա խոսքով` միայն հոգևորկանները` սահմանափակ կազմով, կհավաքեն Սուրբ Հարության տաճարում։ Ինչ վերաբերում է Սուրբ Լույսի իջեցման արարողությանը, ըստ նրա, այն անպայման կկայանա, թեպետ հոգևորականների նեղ շրջանակում:
«Այն ավանդաբար համատեղ իրականացնում են հայկական և հունական եկեղեցիների ներկայացուցիչները. պատրիարքը կամ նրա ներկայացուցիչը մտնում է Կուվուկլիա` Քրիստոսի գերեզմանի մատուռ, նրա հետ միասին՝ հայ հոգևորականը, որից հետո լույսը դուրս է բերվում»,– մանրամասնեց հոգևորականը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: