Իրանը պատերազմի գինը բարձրացնում է դրանից ազատվելու համար. իրանագետը բացատրեց` ինչպես

Իրանագետ Ժաննա Վարդանյանը
Ժաննա Վարդանյանի կարծիքով` Թեհրանի հաշվարկն այն է, որ պատերազմի տնտեսական գինը մեծացնելու արդյունքում հնարավորինս շատ երկրներ շահագրգռված կլինեն դրա ավարտով ու ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իսրայելը շարունակում է սպանել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց Իրանի կառավարման համակարգը շարունակում է գործել ու կայուն մնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Իրանն այսօր» տելեգրամյան հարթակի հեղինակ, իրանագետ Ժաննա Վարդանյանը` վերլուծելով պատերազմի հետևանքով Իրանում ստեղծված իրավիճակը։
«Համենայնդեպս, ներքին ճեղքման ցուցիչներ այս պահին տեսանելի չեն, չնայած նրան, որ Իրանում բողոքի ալիք ցանկացած պահի կարող է առաջանալ, և դա իշխանությունների հիմնական մտահոգություններից է։ Միաժամանակ Իրանի հակառակորդների հաշվարկն էլ է դա, որ երկրում բողոքի ալիք կառաջանա»,– նշեց իրանագետը։
Այս առումով Վարդանյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ Իսրայելը թիրախավորում է ոստիկանական բաժանմունքներն ու «Բասիջ» ռազմականացված աշխարհազորի ենթակառուցվածքները, որոնք ևս անհրաժեշտության դեպքում ներգրավվում են հակակառավարական ցույցերը ճնշելու գործում։ Նրա գնահատմամբ`այսկերպ ամերիկա–իսրայելական ուժերն Իրանում հնարավոր ցույցերի անխոչընդոտ ընթացքն ապահովելու հիմքեր են նախապատրաստում։ Իրանն էլ իր հերթին էլ ավելի է ակտիվացրել պայքարը ընդդիմադիրների նկատմամբ` ձերբակալություններ ու տարբեր նախազգուշական միջոցառումներ իրականացնելով։
Մյուս կողմից Իրանում հանրության տրամադրությունների վրա ևս, իրանագետի գնահատմամբ, պատերազմի ազդեցությունը միանշանակ չէ։
«Բնականաբար, կան մարդիկ, ովքեր աջակցում են Իրանի գործող վարչակազմին և դեմ են այն գործողություններին, որ ԱՄՆ–ն ու Իսրայելը ձեռնարկում են Իրանի դեմ։ Կան մարդիկ, ովքեր այդ գործողությունները դիտարկվում էր որպես իրենց գործող ռեժիմից փրկելու գործողություն։ Բայց պատերազմի երկարաձգմանը զուգահեռ, այս մարդկանց շրջանում տրամադրությունները փոխվում են, մարդիկ սկսում են մերժել պատերազմը` համարելով, որ Ալի Խամենեի սպանությունից հետո այն այլևս շարունակելու իմաստ չկա։ Բայց առկա պայմաններում հնարավոր չէ հստակ պատկերացնել, թե որքան է պատերազմը ողջունող ու չողջունող մարդկանց քանակական հարաբերակցությունը։ Իսկ դրանից շատ բան է կախված»,– նկատեց մեր զրուցակիցը։
Պատերազմը շարունակվում է. համաշխարհային տնտեսության «իրանական փակուղին»
Կվերածվե՞ն արդյոք ամենօրյա պրոիշխանական հավաքները լայնածավալ ցույցերի։ Ժաննա Վարդանյանը դժվարանում է կանխատեսել։ Բայց կարծում է, որ եթե անգամ պատերազմի ընթացքում դա տեղի չունենա, պատերազմի ավարտից հետո հավանականությունն էլ ավելի է մեծանալու` հաշվի առնելով այն անխուսափելի ճգնաժամը, որին բախվելու հետպատերազմական Իրանը։ Եվ դա պարարտ հող կարող է ստեղծել իշխանության դեմ նոր ցույցերի համար։
Վարդանյանի դիտարկմամբ` գազային ենթակառուցվածքների վերջին թիրախավորումների պատճառով Իրանը լրջագույն խնդիրներ կարող է ունենալ գազի արդյունահանման և մատակարարման, հետևաբար նաև` էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, ինչը լրացուցիչ մարտահրավերների առաջ կկանգնացնի Իրանի իշխանություններին։ Իսկ «Բուշերի» ատոմակայանի նկատմամբ նոր գրոհների դեպքում լրջագույն կոլապս կառաջանա։
Իրանն իր հերթին շարունակում է փակ պահել համաշխարհային կարևորագույն նավթային ուղին` Հորմուզի նեղուցը թշնամի երկրների համար, ինչը լուրջ ազդեցություն է ունենում նավթի գների վրա։ Մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ–ում արդեն այդ պատճառով ներքին դժգոհություններ են առաջացել։
Իրանի հաշվարկը, մեր զրուցակցի համոզմամբ, հենց դա է` մեծացնել պատերազմի տնտեսական գինը, որպեսզի հնարավորինս շատ երկրներ շահագրգռված լինեն դրա ավարտով ու ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ։
Բացի այդ, նրա խոսքով, Հորմուզի նեղուցը Իրանի համար կարող է դառնալ նաև ապագայի երաշխիք` ռազմական հնարավոր նոր ոտնձգություններից ապահովագրվելու համար։
Հիշեցնենք` Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Իրանը կկռվի այնքան ժամանակ, մինչև Թրամփը հասկանա, որ հակամարտությունը սխալ է. Արաղչի