Իրանն ընդլայնում է հարվածների աշխարհագրությունը, ԱՄՆ-ն նոր սցենարներ է փնտրում

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է սրընթաց կերպով սրվել․ հարվածներ ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին, նոր սպառնալիքներ և դիվանագիտական քայլեր: Այս ժամի դրությամբ գլխավոր իրադարձությունները՝ տարածաշրջանի շուրջ առանցքային զարգացումների ամփոփման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը (ԻՀՊԿ) հայտնել է ԱՄԷ-ում ամերիկյան «Էդ-Դաֆրա» ռազմաբազային, ինչպես նաև Իսրայելի տարածքում մի շարք թիրախների հարվածներ հասցնելու մասին: Իրանական կողմի պնդմամբ՝ հարձակումներն իրականացվել են մի քանի ալիքով, այդ թվում՝ երկրի հյուսիսի՝ Հայֆայի և Երուսաղեմի ուղղությամբ:
Դրան զուգահեռ իրանական լրատվամիջոցները տարածում են իսրայելական քաղաքների վրա հրթիռների ընկնելու կադրերը: Բացի այդ, Press TV հեռուստաալիքը հայտնել է Քուվեյթում ամերիկյան «Էլ-Ահմադի» բազայում տեղի ունեցած պայթյունների մասին, որտեղ, ըստ այդ տվյալների, արդյունաբերական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել:
Համացանցում հայտնվել են նաև կադրեր Իսրայելի հյուսիսում հրթիռների «ժամանման» մասին: Նշվում է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների հարվածների նոր ալիքի հետևանքով Շֆարամ քաղաքում զոհվել է տասը մարդ:
Այս ֆոնին կտրուկ սրվել է իրավիճակը Կատարի շուրջ։ «Ռաս-Լաֆան» արդյունաբերական գոտուն հասցված հարվածներից հետո երկրի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Իրանի ռազմական կցորդին և անվտանգության ծառայության աշխատակցին՝ պահանջելով, որ նրանք հեռանան 24 ժամվա ընթացքում։
Իրանի ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ պատասխան գործողությունների ներուժը դեռևս սպառված չէ։ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը զգուշացրել է, որ Թեհրանը նոր «անակնկալներ» ունի ԱՄՆ-ի համար։
Վաշինգտոնն իր հերթին դիտարկում է հետագա քայլերը։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն կարող է ներգրավել ծովային հետևակը՝ իրանական կղզիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու և Հորմուզի նեղուցը՝ էներգակիրների համաշխարհային մատակարարման առանցքային զարկերակն ապաշրջափակելու նպատակով։ Ստորաբաժանումների տեղափոխումն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում։
Էսկալացիայի լրացուցիչ գործոն են դառնում գաղտնի գործողությունների մասին հաղորդագրությունները. ըստ իրանական աղբյուրների՝ երկրի հատուկ ստորաբաժանումները կարող էին վերացնել իսրայելական անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցչի, թեև այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա։
Եվրոպական միությունն ավելի զգուշավոր դիրքորոշում է գրավել։ Գագաթնաժողովի արդյունքում ԵՄ-ն ԱՄՆ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումներ չի ընդունել. կողմերին կոչ է արվել մորատորիում սահմանել էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների նկատմամբ՝ հետագա սրացումից և համաշխարհային էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։