Իրանն առաջարկում է Մերձավոր Արևելքում անվտանգության գծով կառույց ստեղծել. Փեզեշքիան

Իրանի նախագահը շեշտել է` Մերձավոր Արևելքի երկրները տարածաշրջանում «օտարների» ներկայության կարիք չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թեհրանն առաջարկում է Մերձավոր Արևելքի անվտանգությունն ապահովող կառույց ստեղծել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք պատրաստ ենք կարգավորել բոլոր խնդիրները ձեզ հետ։ Առաջարկում ենք տարածաշրջանում խաղաղություն և անդորր ապահովելու համար ստեղծել Մերձավոր Արևելքի անվտանգության կառույց, որում կընդգրկվեն իսլամական երկրները»,– ասել է Փեզեշքիանը իրանական Նոր տարվա կապակցությամբ հղած իր ուղերձում։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի երկրները տարածաշրջանում «օտարների» ներկայության կարիք չունեն։
«Մենք միմյանց հետ կռվելու իրավունք չունենք... Մենք (Իրանը. խմբ.) որևէ կերպ մտադիր չենք միջամտել այլ երկրների ներքին գործերին և չենք ցանկանում խաթարել տարածաշրջանի անվտանգությունը», – հավելել է Փեզեշքիանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: