ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական դիրք կառուցելու մասին լուրերը։ Այս մասին Պապիկյանը հայտարարեց ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։
«Չկա նման բան, հերքում եմ, ևս մեկ անգամ հերքում եմ»,- ասաց նախարարը։
Պապիկյանը շեշտեց՝ պաշտպանության նախարարությունը հայտարարություններ տարածել է։ Հավելեց նաև՝ պաշտոնական Բաքուն իր տարածքում դիրքեր է կառուցում, ՀՀ-ն էլ է կառուցում։
Ճշտող հարցին՝ արդյոք 2021 թվականից ՀՀ-ում օկուպացված տարածքներում Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ չի արել՝ ՊՆ ղեկավարը նշեց՝ խոսքն այդ մասին չէ, այլ դիրքեր կառուցելու։
Անդրադառնալով անվտանգության վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին՝ նախարարն ընդգծեց դրանք հարևան երկրներից տարածքային պահանջներ ունենալու մասին են։ Նա էլ է վարչապետի պես վստահ՝ այդ հայտարարություններն ուղիղ պատերազմ են ենթադրում։
Հիշեցնենք, որ մարտի 19–ի ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս պնդում էր, թե որևէ ընդդիմադիր ուժի հաղթանակի դեպքում Ադրբեջանը «ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կհայտարարի»։