Երուսաղեմի Հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա հրթիռի բեկոր է ընկել

Մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնասեր չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ժամը 16։00–ի սահմաններում Երուսաղեմի Հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա հրթիռի բեկոր է ընկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ տեր Աղան Աբեղա Գոգչյանը։
«Ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել»,– նշել է հոգևորականը։
Ավելի վաղ հայտնել էիք, որ հրթիռներից մեկի բեկոր է ընկել նաև Սուրբ Հարության տաճարի շրջակայքում՝ գմբեթից մոտ 100 մետր հեռավորության վրա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: