Երևանի հպարտ հարկատուն վճարում է Ավինյանի համար հավաքվող սրտիկների համար․ «Ժողովուրդ»

Սահմանվել են հատուկ չափանիշներ, այդ թվում՝ ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից 25․5 հազար դոլար գումար է հատկացրել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Երևանի քաղաքապետարանը «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է 9 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։
Մատուցվող ծառայությունների շրջանակը ներառում է Facebook, Instagram և TikTok հարթակներում գովազդների կառավարում և իրականացում։
«Ըստ պայմանագրի՝ սահմանվել են նաև հստակ չափորոշիչներ․ ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում (impression), 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach), իսկ TikTok-ում՝ առնվազն 750 հազար դիտում։ Այսինքն՝ Հայաստանի և Երևանի հպարտ հարկատուն և վարձատուն վճարում է Տիգրան Ավինյանի համար հավաքվող սրտիկների և քլիկների համար»,- գրում է «Ժողովուրդը»։
Թերթը նաև հիշեցնում է, որ ընդհանուր առմամբ պետական բյուջեից ԱՆԻՖ-ին տրամադրվել է մոտ 25 միլիարդ դրամ (մոտ 70 մլն դոլար), սակայն իրականացված ծրագրերից շատերը չեն հասել իրենց նպատակներին կամ ընդհանրապես չեն իրականացվել, իսկ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը հենց Ավինյանն է եղել 2019-2023 թթ․։