«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կախվել․ խցակիցները փրկել են նրան

Ինքնասպանության փորձ կատարող տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում ազատազրկված անձը սավանով կախվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին, ժամը 00:40-ի սահմաններում։
«Խցակիցները նկատել են, որ տղամարդը սավանով իրեն կախել է։ Նրանք կարողացել են շատ արագ կտրել սավանը և փրկել նրա կյանքը։ ՔԿՀ ծառայության աշխատակիցները ահազանգել են շտապօգնություն ու նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- գրել է կայքը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ըստ պարբերականի՝ ինքնասպանության փորձ կատարողը Թ. Թորոսյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել։ Նշվում է, որ տղամարդը մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա առողջական վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։
Ավելի ուշ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ հացադուլի մեջ գտնվող (կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու հիմքով) 39-ամյա տղամարդուն զննության նպատակով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այնտեղ զննության արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, և վերջինս վերադարձվել է հիմնարկ։