Հանցավորության վիճակագրությունը քաղաքական մանիպուլյացիայի գործիք է դարձել. նախարար

Արփինե Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Արփինե Սարգսյանի խոսքով` 2025 թ. ընթացքում չբացահայտված դեպք չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. 2024 թ. համեմատությամբ 2025 թ.–ին Հայաստանում արձանագրվել է հանցագործությունների թվի 3.2 տոկոսով նվազում։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարի բնութագրմամբ` սրանք զտված թվեր են` համեմատվել են կոնկրետ 2024 թվականը 2025 թվականի հետ, և իրական պատկերն այն է, որ կա հանցավորության նվազում։ Ըստ նրա` անցած տարի չբացահայտված դեպք չի եղել։
«Անվտանգության թեման հատկապես վերջին ժամանակահատվածում շատ է քննարկվում, սակայն ուզում եմ փաստել, որ հանցավորության վիճակագրությունը հատկապես վերջին ժամանակահատվածում օգտագործվում է` որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք` դառնալով նաև նախընտրական դեբատի թեմա։ Սադրելով ներքին անվտանգության կայունությունը` ներկայացվում է հանցավորության ուռճաչված պատկեր, մինչդեռ իրական, անկեղծ մղումներով հաշվարկված և մեր քաղաքացիների նկատմամբ հոգատարության վերաբերմունքից ելնելով` մենք ներկայացնում ենք իրական պատկերն ու խնդիրները»,– պնդեց նախարարը` ավելացնելով, որ նաև փորձ է արվում նսեմացնել ոստիկանության և, առհասարակ, ողջ իրավապահ համակարգի կատարած աշխատանքը։
Նրա խոսքով` զարմանալի չէ, որ հատկապես նախընտրական ժամանակահատվածում են սկսվում այս թեմաների առավել ընդգծված քննարկումները և հակապես հիբրիդային պատերազմների սպառնալիքների տրամաբանության մեջ։
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններն աճել են․ ՔԿ–ն տվյալներ է հայտնել