ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Սևանա լճում և Հայաստանի մի շարք այլ ջրային ավազաններում ներկայումս առկա է մշակութային շերտ, որի պաշտպանության համար ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի 2001 թ. կոնվենցիային միանալու նախագծին։
Նախագծի մեջ նշվում է, որ Հայաստանը ցանկանում է միանալ կոնվեցիային, քանի որ հաշվի է առնում ստորջրյա մշակութային ժառանգության կարևորությունը` որպես մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մաս և ժողովուրդների, ազգերի պատմության և նրանց միջև ընդհանուր ժառանգության վերաբերյալ հարաբերությունների կարևոր տարր։
«Գիտակցելով այն փաստը, որ ստորջրյա մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է դրա դեմ ուղղված գործողությունների պատճառով, ինչպես նաև կարևորելով ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման գործում հետազոտության, տեղեկատվության և կրթության կարևորությունը, նախաձեռնվել է համագործակցություն ՅՈՒՆԵՍԿՕ–ի 2001 թ. կոնվենցիային միանալու ձևաչափով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նախագծի մեջ նշվում է, որ ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը ներառում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են օվկիանոսների, լճերի և գետերի ջրի տակ:
«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ–ի 2001 թ. կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը: