Փաշինյանը վտանգավոր է համարում Ալիևի՝ ՀՀ տարածքն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը

Փաշինյանն ու Ալիևը ԱՄԷ–ում. Արխիվային լուսանկար
Փաշինյանը «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռ դիտարկեց և հիշեցրեց, որ ՀՀ–ում էլ Արցախն ու Արարատն են համարում հայկական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ չի համարում։ Կառավարության նիստից հետո Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները համարում է վտանգավոր գործընթաց։
«Համարում եմ շատ վտանգավոր պրոցես և գտնում եմ, որ այդ վտանգավոր գործընթացը մենք պետք է կառավարենք. պետք է այս պրոցեսն իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Առաջին հերթին կառավարելու ենք՝ հասկանալով պատճառահետևանքային կապերը և որդեգրելով պետականակենտրոն տրամաբանություն ու լեգիտիմ քաղաքականություն, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Երբ մենք այսօր ասում ենք՝ Արարատը, Դադիվանքը մերն են, կամ ասում ենք, որ Արցախը մերն է, ի՞նչը պետք է նրանց սահմանափակի՝ հայելային կերպով նույնը չասել»,- ասաց նա։
Փաշինյանի կարծիքով՝ այս ամենի լուծումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գործեն ռազմավարական գործարքի տրամաբանությամբ, որով երկու կողմերի այս հայտարարությունները զուգահեռաբար կկարգավորվեն։ Նրա խոսքով՝ առաջին քայլն արդեն արված է՝ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան սահմանների անքակտելիությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: