ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Իրանն առաջին անգամ կիրառել է «Նասրալա» կառավարվող հրթիռը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իրականացվող գործողության շրջանակում։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։
«Գործողության («Ճշմարիտ խոստում 4»՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի– խմբ.) այս ալիքի (65-րդ) ընթացքում կիրառվել է «Նասրալա» հրթիռը, որը հանդիսանում է «Գադր» հրթիռի բարելավված և կառավարվող տարբերակը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գրոհի ընթացքում հարվածներ են հասցվել Հայֆայի և Աշդոդի նավթավերամշակման գործարաններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։