Իրանի «Բուշեր» ատոմակայանի թիրախավորումը վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար․ Պետրոսյան

Մասնագետն ընդգծում է՝ ատոմակայանում հնարավոր աղետը ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Իսրայելին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ատոմակայանների մոտ հարվածները լուրջ վտանգ են ներկայացնում առաջին հերթին հոսանքազրկման վտանգի պատճառով, ինչը կարող է ծանր հետևանքների բերել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ատոմային էլեկտրակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտ» («ՀԱՅԱՏՈՄ») ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։
Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի արձակած արկերից մեկն ընկել է երկրի հարավում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի տարածք։
«Դա շատ վտանգավոր է, կայանը կարող է հոսանքազրկվել, ինչպես եղավ Ֆուկուսիմայի վթարը, ինչի պատճառով չի ապահովվի ռեակտորի հովացումը»,- ասաց Պետրոսյանը։
Փորձագետի խոսքով՝ եթե հարվածը հասցվում է ատոմակայանի տարածքին, ապա կարող են վնասվել էլեկտրամատակարարման արտաքին աղբյուրները։ Եթե ռեակտորի հովացում չի արվում, դա կարող է լուրջ վթարի պատճառ դառնալ։
Նրա խոսքով՝ դա վտանգավոր է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Հատկապես հաշվի առնելով, որ այնտեղ աշխատում է մոտ 1000-1200 ՄՎտ հզորությամբ բլոկ, իսկ ռեակտորում մեծ քանակությամբ միջուկային վառելիք կա։
Ինչ վերաբերում է Հայաստանի համար հնարավոր ռիսկերին, մեր երկիրը «Բուշեր» ատոմակայանից և 30 կմ շառավղով անմիջական վտանգավոր գոտուց հեռու է։
«Մենք բավական հեռու ենք։ Կա պայմանական 30 կիլոմետրանոց գոտի։ Սակայն շատ բան կախված է եղանակային պայմաններից. քամու ուղղությունը կամ տեղումները կարող են ազդեցություն ունենալ», - ասաց նա։
Փորձագետը նաև մատնանշեց տարածաշրջանի էներգահամակարգերի փոխկապակցվածությունը։ Աղետի դեպքում, ինչպես Չեռնոբիլում կամ Ֆուկուսիմայում, հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել: Ատոմակայաններում սովորական վթարներ լինում են, բայց դրանք աղետներ չեն։ Աղետն արդեն ռեակտորի նկատմամբ վերահսկողության կորուստն է և մեծ տարածությունների վրա լուրջ ճառագայթային ազդեցությունը։
«Այդ դեպքում, իհարկե, կտուժենք նաև մենք, հատկապես հարավային շրջանները։ Բայց կարծում եմ` դրան չի հասնի, դա ոչ մեկին ձեռնտու չէ՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իսրայելին, առավել ևս` Իսրայելին, քանի որ ավելի մոտ է»,- ընդգծեց նա։
Պետրոսյանի խոսքով` նման վտանգավոր իրավիճակում լավագույն լուծումը կայանը ժամանակավորապես կանգնեցնելն է:
«Մենք փոխկապակցվածություն ունենք՝ էլեկտրաէներգիա ենք մատակարարում և գազ ստանում։ Մենք միացված ենք նրանց ցանցին՝ հավասարակշռությունը պահպանելու համար: Եթե այնտեղ անջատում լինի, դա կարող է ազդեցություն ունենալ, թեև մենք կապեր ունենք նաև այլ էներգահամակարգերի հետ»,- նշեց նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: