Հայաստանը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կարիք չկա, որ Իրանը դիմի. անհրաժետության դեպքում ՀՀ–ն կօգնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին։ Կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հումանիտար օգնության հարցով մեզ դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետև եթե մենք ինքներս տեսնենք, որ կա հումանիտար բնույթի որևէ կարիք, որը մենք կարող ենք աջակցել, մենք կանենք այդ քայլը»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: