ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ կհատկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին` 2026 թ. մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ շինությունների և ենթակառուցվածքների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի հիմքով մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով 573 մլն 423 հազար դրամ գնային առաջարկ։
Ի դեպ, «ԲԻԴԵՔ ՍՊԸ»–ն պատկանում է ՀՀԿ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող ընկերությունը վերջին տարիներին բազմաթիվ պատվերներ է կատարել պետական շինարարության ոլորտում։
Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրը` մայիսի 4–ը, ՀՀ կառավարության որոշմամբ` ոչ աշխատանքային է։