ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԵԱՏՄ շրջանակում կկարգավորվի էլեկտրոնային առևտրի մասնակիցների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը՝ սպառողներին հեռակա կարգով ապրանքներ առաջարկելու և վաճառելու համար։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Այս համաձայնագիրը ԵՏՀ խորհուրդը հավանության է արժանացրել 2025 թվականի կարգադրությամբ և ուղարկել անդամ պետություններ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ապահովելու համար։
«Համաձայնագրով կապահովվի ԵԱՏՄ ներքին շուկայի շրջանակում պատշաճ փոխադարձ էլեկտրոնային առևտուրը, կպաշտպանվի փոխադարձ էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքներն ու իրավական շահերը, ինչպես նաև կսահմանվի նրանց միջև փոխգործակցության կանոնները»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագծում նաև նշվում է, որ համաձայնագիրը նպատակաուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
ՀՀ կառավարությունից վստահեցնում են` ԵԱՏՄ–ի շրջանակում շարունակելու են նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և կոոպերացիաների զարգացմանը։