ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Կրասնոդարի վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։
«Կրասնոդարում անօդաչուների ահաբեկչական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է», – գրել է մարզպետը Telegram-ում։
Ինչպես նշել է Կոնդրատևը, նախորդ գիշեր Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները Կրասնոդարում երեք բազմաբնակարանային շենքերի են հարվածել։ Բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Եվս մեկ անօդաչու բախվել է շենքի պատին, մեկ այլ անօդաչուի բեկորներ էլ հայտնաբերվել են երրորդ շենքի պատշգամբում։
«Քաղաքապետ Եվգենի Նաումովին հանձնարարել եմ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժած բնակիչներին», – եզրափակել է մարզպետը։
Նաումովը, իր հերթին, հայտնել է, որ անօդաչուների բեկորներից վնասվել են Կրասնոդարի Յուբիլեյնի միկրոշրջանի բուժկենտրոնի տանիքն ու էլեկտրահաղորդման գիծը։
«ԱԹՍ–ի հարձակումը հետ մղելու արդյունքում անօդաչուների բեկորները վնասել են Յուբիլեյնի միկրոշրջանի բժշկական կենտրոնի տանիքը և էլեկտրահաղորդման գիծը։ Հրդեհի մարման աշխատանքներ են տարվում։ Միկրոշրջանում էլեկտրաէներգիայի մասնակի անջատում է տեղի ունեցել», – գրել է Նաումովը Telegram-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։