ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ընթացիկ տարվա վերջին ամբողջապես պատրաստ կլինեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մասնակցությամբ շուրջ 20 կոոպերացիոն նախագծեր։ Այս մասին «Վեստի»-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ աջակցության մեխանիզմի ռազմավարական նպատակը ներքին և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացումն է, ինչպես նաև ինքնիշխանության ամրապնդումը: Մեխանիզմի գործարկումից ի վեր պորտֆելում արդեն կա 16 նախագիծ՝ մոտ 18 միլիարդ ռուբլի ընդհանուր արժեքով։
«Այսօրվա դրությամբ մենք արդեն հավանություն ենք տվել հինգ կոոպերացիոն նախագծերի արդյունաբերության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսական և երկաթուղային մեքենաշինությունը, միկրոէլեկտրոնիկան, ծանր մեքենաշինությունը։ Հինգ նախագիծ Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներում՝ բոլոր հինգ անդամ պետությունների ձեռնարկությունների մասնակցությամբ, արդեն իրագործվում են», - ասել է Բարսեղյանը։
Նրա խոսքով, արդեն հաստատված 5 կոոպերացիոն նախագծերի իրագործմամբ կստեղծի մոտ 2 հազար նոր աշխատատեղ և կապահովվեն 16 մլրդ ռուբլու չափով հարկային եկամուտներ: Արտադրվելու են ավելի քան 200 մլրդ ռուբլի արժողությամբ արդյունաբերական ապրանքներ։
Արդյունաբերության ոլորտի ևս յոթ նախագծային հայտեր գտնվում են բարձր պատրաստվածության մակարդակում։ Քննարկվում են նախագծային նախաձեռնություններ, որոնք տեղայնացվելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի տարածքներում՝ սննդի, թեթև արդյունաբերության, ծանր, երկաթուղային մեքենաշինության ոլորտներում։
Որպես օրինակ նա բերել է Ղրղզստանի տարածքում ավտոմեքենաների տեղայնացման նախագծային նախաձեռնությունը՝ «АвтоВАЗа»-ի և բելառուսական ընկերությունների մասնակցությամբ։ Կան նաև այլ օրինակներ։
«Մենք ստացել ենք նախագծային հայտ Ռուսաստանի տարածքում չորս պետությունների մասնակցությամբ, որի արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ ռուբլի։ Սա խոսում է այն մասին, որ չնայած փորձնական մեխանիզմն ուղղված է առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսին աջակցելուն, խոշոր բիզնեսը ևս շահագրգռված է։ Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ կունենանք արդյունաբերության տարբեր ոլորտների շուրջ 20 նախագծերի հավանություն։ Փորձնական մեխանիզմի համար սա արդեն լավ արդյունք է», - նշել է Բարսեղյանը։
Նա նաև հիշեցրել է, որ սուբսիդավորված կոոպերացիայի նախագծերը մինչև 2029 թվականը կստանան վարկերի հիմնական տոկոսադրույքի 100%-ի չափով փոխհատուցում։ ԵԱՏՄ 2026 թվականի բյուջեով այդ նպատակների համար նախատեսում է 9 մլրդ ռուբլի, իսկ 2027 թվականին կուտակված ծավալը կհասնի 12 մլրդ ռուբլու։