ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Կուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի արտաքին ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը` մեկնաբանելով կղզու սահմանադրական կարգը տապալելու ԱՄՆ սպառնալիքները։
«Վատագույն սցենարի պարագայում էլ Կուբայի ժողովուրդը վստահ է, որ ցանկացած արտաքին ագրեսոր անհաղթահարելի դիմադրության կհանդիպի», – գրել է նա Х սոցցանցում։
Նախագահի խոսքով՝ ԱՄՆ–ն գրեթե ամեն օր սպառնում է տապալել Կուբայի սահմանադրական կարգը՝ որպես պատրվակ օգտագործելով 60 տարվա ճնշումների և կղզին մեկուսացնելու փորձերի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները։
«Նրանք փորձում են և հայտարարում են երկիրը, նրա ռեսուրսները, նրա սեփականությունը և նույնիսկ նրա տնտեսությունը (որը փորձում են խեղդել) գրավելու ծրագրերի մասին` մեզ կոտրելու համար։ Միայն դրանով է բացատրվում այն կատաղի տնտեսական պատերազմը, որն օգտագործվում է որպես կոլեկտիվ պատիժ ամբողջ ժողովրդի դեմ», – գրել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր Կուբային «թշնամական հեղաշրջմամբ», հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շուտով ինչ-որ բան կանի Կուբայի հետ, ինչպես նաև նշել, որ «Կուբայի գրավումը մեծ պատիվ կլինի»։
Հունվարի 29-ին Թրամփը հրամանագիր ստորագրեց, որը թույլ է տալիս Կուբա նավթ մատակարարող երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանել, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարեց՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը Կուբայից բխող ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Կուբայի կառավարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է խեղդել Կուբայի տնտեսությունը և նրա բնակիչների կենսապայմանները անտանելի դարձնել էներգետիկ շրջափակման օգնությամբ։