ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր քաղաքական ծրագրի մի մասը, որը վերաբերում է անվտանգության ոլորտին։ Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, ծրագիրը մշակվել է նշանավոր մասնագետների և ճանաչված ռազմական փորձագետների մասնակցությամբ, այդ թվում՝ արտասահմանյան։
Այսպես, Կարապետյանի թիմին է միացել լեգենդար Արթուր Ավանեսյանը («Կանդազ»)։ Ավանեսյանի անունը քաջ հայտնի է զինվորականներին՝ ԼՂ պաշտպանության բանակի ականավոր հետախույզը 30 տարվա մարտական փորձ ունի, թշնամու հետ բախումների ժամանակ նրան բազմիցս ամենավտանգավոր հատվածներ են ուղարկել։
Իր ելույթում Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է բանակ, որը լավ գիտի իր հակառակորդին և կարող է գործել դրան համապատասխան։ Մարտական սպան նշել է, որ Կարապետյանի ծրագրի շրջանակում առաջարկվում է ներդնել «խելացի սահմանների» համալիր համակարգը։ Խոսքը արհեստական բանականությամբ աշխատող սենսորային ցանցերի կիրառման, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով ինքնավար հարվածային համակարգերի տեղակայման մասին է։
Առաջարկվում է նաև ստեղծել ռազմական հետախուզության և կանխատեսման համակարգ՝ վաղ փուլում սպառնալիքները բացահայտելու համար: Առաջարկվող մեկ այլ կետ է կառավարման միասնական համակարգի ներդրումը, որը ներառելու է օդային և տեղեկատվական բաղադրիչներ:
Առաջնահերթ ուղղություններից նա նշել է ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել Հայաստանի կախվածությունը այլ երկրներից ճգնաժամային իրավիճակներում: Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում հակաօդային պաշտպանությանը. դա ոչ միայն ՀՕՊ համակարգերի ձեռքբերումն է, այլև որսացող անօդաչուների, ՌԷՊ համակարգերի և շատ այլ լուծումների զանգվածային կիրառումը:
Անվտանգության ծրագրի մշակմանը մասնակցել է նաև հույն ճանաչված ռազմական գործիչ Էֆտիմիս Տուրտիդիսը: Իրաքի, Լիբանանի, Քուվեյթի և այլ հակամարտությունների մասնակից, հատուկ նշանակության զորքերի վետերան Տուրտիդիսը առաջարկում է ստեղծել մեծ շարժունակություն ունեցող և լավ զինված սահմանապահ ստորաբաժանումներ, որոնք կարող են լուծել խնդիրներ ամենադժվարին պայմաններում, ինքնատիպ սահմանային հատուկ նշանակության ստորաբաժանում:
Ընտրություններում Սամվել Կարապետյանի հաղթանակի դեպքում Տուրտիդիսը կզբաղվի հայ զինվորականների պատրաստմամբ։ Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որը երբեք չի առանձնացել իր անվտանգությամբ: Նման դաժան աշխարհաքաղաքական պայմաններում նրա բանակից պահանջվում է մանրակրկիտ և անդադար պատրաստություն։
Շնորհանդեսն ավարտվեց Սամվել Կարապետյանի՝ արհեստական բանականության միջոցով գեներացված տեսաուղերձով։ Նա համոզված է, որ թույլ բանակը սադրում է թշնամուն, մինչդեռ ուժեղը պահպանում է խաղաղությունը։ Խաղաղությունը չեն խնդրում, այլ պարտադրում են ուժով։