ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Հարձակումից հետո Իրանը շարունակում է գազի արդյունահանումը՝ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները։ Այս մասին հայտնել է Իրանի ազգային գազային ընկերությունը։
Ըստ ընկերության տվյալների՝ տեղի ժամանակով մոտ 14:00-ին գազային ոլորտի օբյեկտների թիրախավորման հետևանքով վերամշակող օբյեկտներ են վնասվել։
«Այս պահին գազի արդյունահանումն ընթանում է անվտանգության կանոնների պահպանմամբ, երկրի գազամատակարարման ցանցը կայուն վիճակում է։ Ոչ մի շրջանում գազի մատակարարման կամ ապահովման սահմանափակումներ չկան»,-ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հարավային հատվածի նավթագազային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մասին։ Մասնավորապես թիրախավորվել են «Հարավային Փարս» հանքավայրն ու Ասալույե արդյունաբերական գոտին, որը զբաղվում է այդ պաշարների վերամշակմամբ։
Դրանից հետո Իրանը նախազգուշացում էր հրապարակել, որ ծրագրում է հարվածել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի վառելիքաէներգետիկ համակարգերին, իսկ Իրանի զինվորականները հաստատել էին իրենց էներգետիկ օբյեկտների վրա հարձակմանը պատասխանելու մտադրությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։
Իրանը մարրտի 1–ից սկսած պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: