Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում ներկայում պառակտում է դիտվում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա – Երևան տեսակամրջի ժամանակ ասաց ռուսաստանցի քաղաքագետ և հրապարակախոս Մալեկ Դուդակովը։
«Պետք է արժանին մատուցել Դոնալդ Թրամփին, որն իր երկրորդ նախագահության ընթացքում հասցրել է բոլորի հետ գժտվել այն աստիճան, որ ոչ ոք չի ցանկանում օգնել նրան իրանական արշավում։ Դա վերաբերում է Եվրոպային և Ասիայի այնպիսի երկրների, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան», - ասաց Դուդակովը։
Ինչ վերաբերում է ներքին պառակտմանը, ապա պատերազմի դեմ ակտիվորեն հանդես եկող դեմոկրատներն այն անվանում են անօրինական և ագրեսիվ։ Մոտավորապես նման իրավիճակն օգնեց նրանց հաղթել Կոնգրեսի և նախագահական ընտրություններում, երբ ԱՄՆ-ն Բուշ կրտսերի օրոք ներխուժեց Իրաք: Քաղաքագետն ընդգծում է, որ հանրապետականները ևս ներքին լուրջ հակասություններ ունեն։
«Հասարակական կարծիքի առաջնորդները` ինչպես, օրինակ, պոդկաստերներ Թաքեր Կառլսոնը, Սթիվ Բենոնը, Մեգան Քելլին, Ջո Ռոգանը և այլք, քննադատում են Թրամփին, նա կորցնում է իր «միջուկային լսարանի» աջակցությունը, որի ալիքի վրա 2024 թվականի նոյեմբերին մտավ Սպիտակ տուն», - նշեց Դուդակովը:
Քաղաքագետի խոսքով՝ հարցումները վկայում են, որ ամերիկացիների 2/3-ը դեմ է Իրանի հետ պատերազմին և չի հասկանում դրա իմաստը։ Նրանց համար այդ հակամարտության գլխավոր ցուցանիշը վառելիքի գնի բարձրացումն է: Ամերիկյան բենզալցակայաններում գները խիստ փոխկապակցված են գործող իշխանությունների վարկանիշի հետ։ Որքան բարձր են գները, այնքան ցածր է իշխանության վարկանիշը։
Դիզելային վառելիքի արժեքը ներկայում գերազանցել է 2022 թվականի վառելիքի ճգնաժամի ժամանակ եղած առավելագույնը, և այժմ մեկ գալոնի միջին գինը կազմում է 4,99 դոլար, ինչը, ամերիկյան չափանիշներով, բավական շատ է։ Դուդակովի խոսքով՝ Թրամփը Մերձավոր Արևելքի հարցում հայտնվել է փակուղում. Հորմուզի նեղուցն ապաշրջափակել նրա մոտ չի ստացվում, վառելիքային ճգնաժամն Ամերիկայում շարունակվում է:
Փորձագետը կարծում է, որ դա կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը նաև Հարավային Կովկասում։ Եվ այսուհետ կովկասյան ուղղությունը դժվար թե առաջնային լինի տարածաշրջանի համար պատասխանատու փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համար, հավելել է Դուդակովը։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և իր որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարրտի 1–ից սկսած պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: