ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Նորին սրբություն Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», - ասված է Գարեգին Երկրորդի ցավակցագրում։
Նա ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ նորին սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։
Հիշեցնենք` Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է երեկ` մարտի 17-ին։