ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik․ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմն աղոթում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ապաքինման համար։ Թեմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ տագնապով են իմացել նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրը:
«Վիրահայոց թեմը՝ ի դեմս թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի և բազում հավատացյալների, իր աղոթքն է բարձրացնում առ Աստված վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք սրբազնագույն և երանաշնորհ Իլյա Երկրորդի շուտափույթ ապաքինման համար»,- նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը 93 տարեկան է: Նա առաջնորդում է վրաց ուղղափառ եկեղեցին 1977 թվականից։ Նրան այս գիշեր հոսպիտալացրել են, նա տեղափոխվել է Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, նա վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառության սարքին։ Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։