ՌԴ-ն կապի մեջ է Կուբայի իշխանությունների հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել. Պեսկով

Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Թրամփը հերթական անգամ սպառնացել է գրավել Կուբան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է իր ուժերի չափով օգնություն ցուցաբերել հումանիտար մեծ խնդիրների առաջ կանգնած Կուբային, այդ հարցերն այս պահին մշակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կուբան անկախ, ինքնիշխան պետություն է, որը տնտեսական մեծ դժվարությունների է բախվում երկրի դեմ կիրառված խեղդող էմբարգոյի պատճառով»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում նախագահ Թրամփի հայտարարությունները և արդյոք Ռուսաստանը պատրաստ է օգնել Կուբային։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, թե իրեն է պատկանելու «Կուբան գրավելու» պատիվը։ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Նկատի ունեմ՝ կարևոր չէ՝ ես այն կազատագրեմ, թե կգրավեմ։ Ես կարող եմ նրա հետ անել այն, ինչ կցանկանամ, եթե ուզում եք ճիշտն իմանալ»։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կուբայի իր պաշտոնակից Բրունո Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցում վճռական աջակցություն է հայտնել Կուբայի ժողովրդին պետական ինքնիշխանության պաշտպանության և զարգացման սեփական ուղին ընտրելու հարցում։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել այն երկրների ներմուծման վրա, որոնք նավթ են մատակարարում Կուբային։ Նա նաև արտակարգ դրություն էր հայտարարել՝ կապված ԱՄՆ ազգային անվտանգությանը Կուբայից ենթադրաբար սպառնացող վտանգի հետ։ Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ էներգետիկ շրջափակման միջոցով Միացյալ Նահանգները ձգտում է խեղդել կարիբյան պետության տնտեսությունը և անտանելի դարձնել բնակչության կյանքի պայմանները։