ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ԱՄՆ պատերազմի նախարարությունը հրաժարվել է հաստատել «USS Tripoli» դեսանտային նավը ծովային հետևակի ստորաբաժանումներով Մերձավոր Արևելք տեղափոխելու մասին տեղեկությունը՝ հղում կատարելով ուժերի օպերատիվ մանևրման մանրամասները չհրապարակելու քաղաքականությանը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով տեղափոխման պլանների մասին տեղյակ աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Tripoli» դեսանտային նավը ծովային հետևակի ստորաբաժանումներով անցել է Սինգապուրը և ուղևորվում է Մերձավոր Արևելք՝ Իրանի դեմ ռազմական գործողությանը մասնակցելու նպատակով:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ խոսքը Օկինավայում տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի 31-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանման մասին է, որն ունի շուրջ 2,2 հազարանոց անձնակազմ: Աղբյուրները պնդում են, որ այն տեղակայվել է ի կատարումն Պենտագոնի կարգադրության, սակայն կոնկրետ նպատակակետն ու խնդիրները պաշտոնապես չեն բացահայտվում:
«Գործողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով մենք չենք մեկնաբանում ուժերի ապագա կամ հնարավոր տեղաշարժերը», - ասված է ՌԻԱ Նովոստիի հարցմանը Պենտագոնի պաշտոնական պատասխանում:
Ավելի վաղ Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին տարածաշրջան է ուղարկում դեսանտայիններ և ծովային հետևակի էքսպեդիցիոն ջոկատ: Նման ստորաբաժանումներում, որպես կանոն, ընդգրկվում են մի քանի ռազմանավ և մինչև հինգ հազար ծովային հետևակային։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։