ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու միջոցները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր աղբյուրին։
«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում պատերազմների շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացին վերադառնալուն ուղղված հնարավոր քայլերի շուրջ», - հայտնել է աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով, Ֆիդանն ուշադրություն է հրավիրել այն ռիսկերի վրա, որոնք հակամարտությունների շարունակումը ստեղծում է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ միջազգային կարգի համար:
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են նաև էներգետիկ անվտանգության հարցեր: Այդ համատեքստում նրանք անդրադարձել են «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարվածներին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Լավրովն ու Ֆիդանը նշել են էներգետիկայի ոլորտում ռուս-թուրքական ռազմավարական նախագծերի անխափան գործունեության համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։