ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հետ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի իր հանդիպումները ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հարցով։ Այս մասին հայտնում է Մեքսիկայում Իրանի դեսպանությունը X սոցիալական ցանցում։
«Քանի որ Թրամփը հստակ հասկացրել է, որ չի կարող երաշխավորել Իրանի ազգային հավաքականի անվտանգությունը, մենք միանշանակ չենք մեկնի Միացյալ Նահանգներ։ Ներկայում ՖԻՖԱ-ի հետ քննարկում ենք մեր խաղերը Մեքսիկայում անցկացնելու հնարավորությունը»,-ասված է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջի հայտարարության մեջ։
Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 48 թիմերի մասնակցությամբ հունիսի 11-ից հուլիսի 19-ը` երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում։ Նախնական ժամանակացույցով Իրանի հավաքականի խաղերը նախատեսված էին ԱՄՆ-ում։
Ավելի վաղ Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել էր, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հավաքականի մասնակցությունն ԱՄՆ–ի հողում սպասվող մրցաշարին անհնար է։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց առաջնությանն իրանցիների ներկայության աննպատակահարմարության մասին, Դոնյամալին ՖԻՖԱ-ից պահանջեց չեղարկել մրցաշարն ԱՄՆ-ում անցկացնելու որոշումը։