ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հորմուզի նեղուցում տիրող անկայուն իրավիճակի հիմնական պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն են։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում։
Ինչպես ասվում է Իրանի նախարարի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ, Արաղչին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի կարելի տարածաշրջանի ընդհանուր իրադրությունից առանձին դիտարկել:
«Նեղուցում նավագնացության խափանումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված պատերազմի հետևանք է։ Ցանկացած պետություն կամ միջազգային կազմակերպություն, որը մտահոգված է խաղաղության և անվտանգության հարցերով, պետք է առանց հապաղելու դատապարտի այդ երկրների գործողությունները, պահանջի դադարեցնել Իրանի ժողովրդի դեմ ռազմական գործողությունները», - ասել է նա։
Արաղչին նաև դատապարտել Է Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան և հարյուրավոր խաղաղ բնակիչների մահը՝ նշելով, որ Իսրայելի անօրինական գործողությունների նկատմամբ հետագա պասիվությունն ու անտարբերությունը կհանգեցնեն հակամարտության մասշտաբների ընդլայնման և տարածաշրջանում ու աշխարհում անկայունության աճի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսակետն է ներկայացրել Պարսից ծոցի տարածաշրջանում, Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակի և ծովագնացության անվտանգության հարցերի վերաբերյալ:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն այլևս չի կարող գործել այնպես, ինչպես դա եղել Է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից առաջ:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս ծովային ճանապարհը Պարսից ծոց միակ անցումն է ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար: