ՀՀ ԿԳՄՍՆ–ն 2026-ին նախատեսում է ԱԲ դասընթացներ ներդնել աշակերտների ավելի քան 80%-ի համար

Նախարարի խոսքով՝ Հայաստանի որոշ դպրոցների 10–12-րդ դասարաններում արհեստական բանականության ծրագրերն արդեն գործում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2026 թվականին արհեստական բանականության դասընթացներ ներդնել երկրի աշակերտների ավելի քան 80%-ի համար։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ նախարարը խորհրդարանում ներկայացնում է կառավարության 2021-26 թթ. ծրագրի 2025 թվականի կատարողականի հաշվետվությունը։ Այն նախ քննարկվում է խորհրդարանական հանձնաժողովներում, այնուհետև կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում։
ՀՀ պետգնումների համակարգում կարող է ԱԲ ներդրվել. փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց
Անդրեասյանի խոսքով՝ որոշ դպրոցների 10-12-րդ դասարաններում արդեն իսկ գործում են ԱԲ ծրագրեր։ Դրանցից մեկը ներդրվել է Հայաստանի Գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ՝ 26 ավագ դպրոցների 800 աշակերտների համար։ Մյուսը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ, իրականացվում է 15 ավագ դպրոցներում։

«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում այդ միության հետ՝ արհեստական բանականության համընդհանուր դպրոցական դասընթաց ստեղծելու շուրջ»,–հայտարարել է նախարարը։

Բացի այդ, պետությունը շարունակում է ֆինանսավորել «Արմաթ» (ArMath) ինժեներական լաբորատորիաները, որտեղ արտադասարանական հիմունքներով սովորում են ավելի քան 16 հազար երեխաներ՝ հանրապետության ավելի քան 630 դպրոցներում։