ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է օրգանների վաճառքի մասին լուրը

Սկանդալային նյութը տարածել են նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է օրգանների վաճառքի մասին լուրը, որը հրապարակվել է vtforeignpolicy. com անվանումով կայքում։
«Այս անգամ ապատեղեկատվություն տարածող հարթակը Հայաստանի իշխանություններին վերագրել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու մասին կեղծիքներ։ Հարկ ենք համարում հայտարարել, որ «Փաշինյանի սև շուկան օրգանների համար․ ինչպես է Հայաստանի վարչապետը իր քաղաքացիներին մաս-մաս «վաճառում» Ֆրանսիային՝ փոխպատվաստումների համար» վերտառությամբ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ՀՀ–ում օրգանների փոխպատվաստման ոլորտը կարգավորվում է օրենքով և համապատասխան պետական վերահսկողության ներքո է։
Նշենք, որ սկանդալային նյութը տարածել են նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: