ԱՄՆ–ն Իրանի դեմ գործողություններում ՆԱՏՕ–ի և դաշնակիցների օգնության կարիքը չունի. Թրամփ

ԱՄՆ նախագահը մարտի 14-ին մի շարք երկրների կոչ էր արել նավագնացության անվտանգությունը վերականգնելու համար նավեր ուղարկել Հորմուզի նեղուց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների, այդ թվում՝ Ավստրալիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից օգնության անհրաժեշտություն չկա։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«ՆԱՏՕ-ի մեր «դաշնակիցների» մեծ մասը տեղեկացրել է Միացյալ Նահանգներին, որ չի ցանկանում մասնակցել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը... Մենք այլևս «կարիք չունենք» և չենք ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը, այն մեզ երբեք պետք չի եղել։ Նույնը վերաբերում է Ճապոնիային, Ավստրալիային կամ Հարավային Կորեային», - «Truth Social» սոցցանցում գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին կոչ էր արել նավագնացության անվտանգությունը վերականգնելու համար նավեր ուղարկել Հորմուզի նեղուց:
Մարտի 16-ին նա հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել օգնել Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում՝ ազատ նավագնացություն ապահովելու համար: Սակայն արդեն հաջորդ օրը Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը Իրանի հետ հակամարտության կողմ չէ և չի ծրագրում մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: