ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու հարցում և բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ։
«Նրանք ուզում են գործարք կնքել։ Նրանք խոսում են մեր մարդկանց հետ»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։
Միաժամանակ ԱՄՆ առաջնորդը այլ պետություններին կոչ է արել ներգրավվել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ շատ երկրների տնտեսությունները դրանից զգալիորեն ավելի շատ են կախված, քան ԱՄՆ տնտեսությունը։
«Մենք ամենայն լրջությամբ կոչ ենք անում մյուս երկրներին, որոնց տնտեսությունները նեղուցից շատ ավելի շատ են կախված, քան մերը, գալ և օգնել մեզ այն աշխատանքային վիճակում պահելու հարցում»,-հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ճապոնիան և Չինաստանը Հորմուզի նեղուցով ստանում են իրենց վառելիքի ավելի քան 90%-ը, Եվրոպայի համար նախատեսված էներգակիրների զգալի մասը նույնպես անցնում է այս երթուղով։
«Իրանը միշտ օգտագործել է նեղուցը որպես տնտեսական զենք, բայց հիմա նա այլևս չի կարողանա դա անել, համենայնդեպս՝ չի կարողանա դա անել երկար ժամանակ»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև դժգոհություն է հայտնել, որ դաշնակիցները չեն շտապում օգնել ԱՄՆ-ին նեղուցի ապաշրջափակման հարցում։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներ հրաժարվել են ականազերծող նավեր տրամադրել գործողությանը մասնակցելու համար։
«Մենք ունենք երկրներ, որտեղ մեր 45 հազար զինվոր է տեղակայված, հիանալի զինվորներ, որոնք պաշտպանում են նրանց վտանգից։ Մենք հարցնում ենք՝ «Ականազերծող նավեր ունե՞ք»։ Իսկ նրանք պատասխանում են՝ «Սը՛ր, մենք կնախընտրեինք չխառնվել»։ Ես ասացի՝ «Մենք 40 տարի է՝ ձեզ պաշտպանում ենք, իսկ դուք չե՞ք ուզում նույնիսկ այսքան փոքր գործի մասնակցել»»,-հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ պետությունների կոչ էր արել նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավագնացության անվտանգությունը վերականգնելու համար։ Գերմանիան և Ֆրանսիան արդեն հրաժարվել են աջակցել այս նախաձեռնությանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։