ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Կիևը վերջին պահին չեղարկել է «Դրուժբա» նավթամուղի հարցով Հունգարիայի և Սլովակիայի նախարարների հետ եռակողմ խորհրդատվությունը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք Բրյուսելում սլովակ գործընկերների հետ նախաձեռնել ենք Ուկրաինայի էներգետիկայի նախարարի, Սլովակիայի էներգետիկայի նախարարի և իմ եռակողմ հանդիպումը («Դրուժբա» նավթամուղի հետ կապված - խմբ.): Բայց ընդամենը մի քանի րոպե էր մնացել՝ այն ուկրաինացիների կողմից կրկին չեղարկվել է», - Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է Սիյարտոն։
Հիշեցնենք, որ Հունգարիան փետրվարի 18-ին դադարեցրել էր Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումը, իսկ փետրվարի 20-ին արգելափակել էր Եվրամիությունից Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը՝ մինչև ՌԴ-ից նավթամատակարարման վերսկսումը: Պետեր Սիյարտոյի խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի ռեժիմի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթամուղով՝ փորձելով Հունգարիայում էներգետիկ ճգնաժամ առաջացնել և ազդել ապրիլին կայանալիք ընտրությունների վրա:
«Դրուժբա» նավթամուղը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ ռուսական նավթի մատակարարման առանցքային ուղիներից մեկն է, որի հարավային ճյուղով հումքը մատակարարվում է, մասնավորապես, Հունգարիա և Սլովակիա. այդ երկրները մեծապես կախված են ռուսական նավթի մատակարարումներից:
Բուդապեշտն ու Բրատիսլավան մատակարարումների հնարավոր խափանումների կապակցությամբ բազմիցս հայտնել են իրենց մտահոգությունը՝ ընդգծելով, որ խողովակաշարի կայուն աշխատանքը կրիտիկական նշանակություն ունի երկրների էներգետիկ անվտանգության համար: