ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պնդում է, որ հարված է հասցրել Թեհրանում Իրանի հետախուզության հրամանատարական կենտրոնին, որն իբր գտնվում էր էլեկտրաէներգետիկ ընկերության շենքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական տվյալների հիման վրա հարված են հասցրել Իրանի հետախուզության հրամանատարական կենտրոնին, որը գտնվում էր Թեհրանի սրտում՝ նույն շենքում, որտեղ տեղակայված է իրանական էլեկտրաէներգետիկ ընկերությունը»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։