ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կներկայանա, երբ անհրաժեշտ համարի։ Այս հայտարարությունը նա արել է Sky News-ին տված հարցազրույցում։ Խատիբզադեի խոսքով՝ Մոջթաբա Խամենեին առողջական լավ վիճակում է և շարունակում է կատարել իր պարտականությունները։
«Նա առողջ է, և պատասխանատու է», - նշել է փոխարտգործնախարարը։
Հարցին, թե ինչու նոր առաջնորդը դեռևս հրապարակայնորեն չի ներկայացել, Խատիբզադեն ընդգծել է, որ որոշումը կկայացնի Խամենեին ինքը կամ նրա գրասենյակը։
«Երբ նա կամ իր գրասենյակը որոշեն դա անել, նրանք կանեն դա», - հավելել է նա՝ ընդգծելով, որ Իրանի ղեկավարությունը «չի թաքնվում»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։