ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Շուրջ 24 ժամ է` ՀՀ առաջին Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկված են։ Այս մասին հայտնում է գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Էլեկտրամատակարարումը դադարեցվել է մարտի 15-ի ժամը 13։00-ից։ Գրասենյակից հայտնում են, որ խափանվել է նաև ջրամատակարարումը։
«Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը»,- նշված է Ավագյանի տարածած հաղորդագրության մեջ։
Նա վստահ է՝ հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով, քանի որ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել նման քայլի առանց հրահանգի։
Ավագյանի կարծիքով՝ սա ոչ թե սովորական վթար է, այլ ՀՀ առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում։
Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահն ավելի վաղ աջակցություն էր հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին։