«Ես այն ցրիվ կտամ». Թրամփը հնարավոր է համարել Խարկ կղզուն կրկին հարվածելու տարբերակը

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտնել էր կղզուն հարվածելու մասին՝ սպառնալով հարձակվել այնտեղի նավթային ենթակառուցվածքի վրա, եթե Իրանը Հորմուզի նեղուցում խոչընդոտներ ստեղծի նավագնացության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում իրանական Խարկ կղզուն կրկին հարվածելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «PBS» ցանցի լրագրող Լիզ Սոնդերսին:
Թրամփն ընդգծել է, որ հակամարտության հետագա սրման դեպքում պատրաստ է ամբողջությամբ ոչնչացնել կղզում առկա ենթակառուցվածքը:
«Ես նորից կհարվածեմ։ Այո, նրանց պարզ ասել եմ՝ ես այն (կղզին – խմբ.) ցրիվ կտամ», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ նախորդ հարձակման ժամանակ հատուկ հրամայել էր «100 յարդ» (մոտ 91 մետր) հեռավորություն պահպանել «նավթի հետ կապված» օբյեկտների շուրջ:
Նրա խոսքով՝ արկերը «նույնիսկ մոտ չեն ընկել» տերմինալներին, քանի որ ինքը չի ցանկացել ամբողջությամբ ոչնչացնել կոմունիկացիաները, որոնց վերականգնման և հավաքման համար «տարիներ կպահանջվեին»:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր կղզուն հարվածելու մասին՝ սպառնալով հարձակվել այնտեղ առկա նավթային ենթակառուցվածքի վրա, եթե Իրանը Հորմուզի նեղուցում խոչընդոտներ ստեղծի նավագնացության համար:
«Axios» պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ առաջնորդը դիտարկում է նաև իրանական Խարկ կղզին գրավելու հնարավորությունը, ինչը կպահանջի ամերիկացի զինվորականների ափհանում: