350-ի փոխարեն 1 ջրամբար, այն էլ՝ թերլցված. իշխանության խոստումներն ու իրականությունը

ԽՍՀՄ վերջին տարիներին Հայաստանը 225 000 հա ոռոգելի հողատարածություններ է ունեցել։ Այսօր դրանք կիսով չափ կրճատվել են, բայց նույնիսկ այդ պայմաններում ջրասակավ տարիներին ջրի դեֆիցիտը շատ սուր է զգացվում, ասում է ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Պետական բյուջեով հատկացված 1 մլրդ դրամը շատ փոքր գումար է ջրամբարաշինության համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը` մեկնաբանելով կառավարության խոստացած ծրագրերի իրատեսականությունը։
«Դա շատ փոքր գումար է, և հավանաբար միայն նախագծային աշխատանքների համար է նախատեսված և այն էլ ամբողջությամբ չի բավարարի։ Իսկ շինարարական աշխատանքների համար շատ ավելի մեծ գումարներ են հարկավոր։ Այդ 1 մլրդ դրամը հազիվ միայն 1 պատվարի կառուցմանը կբավականացնի»,– նկատում է մասնագետը` հավելելով, որ ջրամբարների նախագծումը աշխատատար, ժամանակատար ու ծախսատար գործընթաց է. նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում, նախնական նախագիծ, վերջնական նախագիծ։ Բոլոր փուլերը միասին 1 տարուց ավելի կարող են տևել։
Մասնագիտական այս գնահատականից հետո, թերևս, դժվար կլինի պատկերացնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ ՀՀ շարքային քաղաքացիներին երկրի ղեկավարի մակարդակով ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր նոր ջրամբարներ էին խոստանում, ընդ որում, դրանցից որոշները արդեն պետք է կառուցված լինեին։

10 տարում` 1 ջրամբար. Փաշինյանը 150-350 էր խոստանում

Այսպես` կառավարության 2021-2026թթ. հնգամյա ծրագրի համաձայն, մինչև 2026 թ–ը Հայաստանում պետք է կառուցված լինեին 15 փոքր և միջին ջրամբարներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այս թեմայով քննարկումներից մեկի ժամանակ՝ 2023-ի օգոստոսին կառավարության նիստում հայտարարել էր, որ ՀՀ ռազմավարությունը պետք է լինի 150–350 ջրամբարի ստեղծումը և հավելել. «Սա չափազանցություն չէ, քանի որ խոսքը փոքր ջրամբարների մասին է»։
5 տարին ավարտվում է, 2026-ի ավարտին մնացել է 3 եռամսյակ, բայց Հայաստանում անցած 10 տարիներին միայն 1 ջրամբար է կառուցվել` Վեդիինը, և այն էլ դեռ չի գործում։ Բայց սրա մասին մի քիչ ավելի ուշ։
Մինչ այդ հիշեցնենք նաև, որ 2025 թվականի բյուջեով նախատեսվել էր սկսել խոստացված 5 փոքր ջրամբարների շինարարությունը։ Ջրային տնտեսության ենթակառուցվածքների բարելավմանը, ներառյալ ջրամբարների, ոռոգման համակարգերի կառուցման ու վերանորոգմանը հատկացվել էր 26.6 միլիարդ դրամ։
«Այո՛, մեր խոստումը չենք կատարել». Փաշինյանը` Կապսի ջրամբարի կառուցման մասին
Եվ այստեղ դարձյալ հիշենք Վեդիի` արդեն կառուցված ջրամբարի մասին։ 29,4 մլն խմ ծավալով միջին չափի այս ջրամբարի կառուցումն արժեցել է 90 մլն եվրո (39,6 մլրդ դրամ)։ Ֆինանսավորման ավելի քան 80%–ն իրականացրել է Զարգացման ֆրանսիական գործակալությունը` վարկով։
2017-ից մեկնարկած ջրամբարի կառուցումը նախատեսված էր ավարտել 2021-ին։ Բայց ավարտվեց միայն 2025-ին, և դեռ չի ծառայում բուն նպատակին։ Ջրամբարը դեռ լցվում է ու միաժամանակ փորձարկվում, բացթողումներ չեն արվում։
«Ջրամբարի լցման պրոցեսը` պատվարների առանձնահատկությունից կախված, երկար պրոցես է։ Մի քանի տարի կարող է տևել, մինչև ջրամբարը ամբողջությամբ լցվի, որովհետև պետք է աստիճանական լցվի, որպեսզի կայունության խնդիր չլինի։ Ջուրը պետք է առավելագույն սահմանին հասնի 3-4 տարվա ընթացքում։ Դրանից հետո թույլ կտան, որ ջրամբարը շահագործվի»,– պարզաբանում է ջրային ոլորտի փորձագետը։

Անապատում ավելի քիչ ջուր են օգտագործում, քան Հայաստանում

Ջրամբարի նշանակությունը գյուղատնտեսության համար, իհարկե, շատ կարևոր է, բայց միայն ջրամբար կառուցելով երկրի ոռոգման հացը չի լուծվի, պետք է նաև կարողանալ եղած ջուրը ճիշտ կառավարել, նկատում է Աղաբաբյանն ու համեմատության համար համաշխարհային վիճակագրական տվյալներ ներկայացնում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1 հեկտարի ոռոգման համար օգտագործում է 4500-4700 խմ ջուր, Իսրայելում և Չինաստանում` 5000-5500, Իսպանիայում՝ 4000, Ֆրանսիայում՝ 1900, Ուզբեկստանում՝ 3000, Սաուդյան Արաբիայում՝ 10 00-12 000։ Հայաստանում այդ թիվը 22 000 է։ Դրա համար եմ ասում, որ այս հարցը պետք է կարգավորել, հետո միայն նոր ջրամբարների մասին մտածել»- նշում է մասնագետը։
Հայաստանում տարեկան միջին հաշվով 16․5 մլրդ խմ տեղումներ են լինում, որից առաջանում է 2.7-5 մլրդ խմ ջուր։ Ոռոգման ջրի պահանջարկը Հայաստանում տարեկան միջինը 3.5 մլրդ խմ է։
ԽՍՀՄ վերջին տարիներին Հայաստանը 225 000 հա ոռոգելի հողատարածություններ է ունեցել։ Այսօր դրանք կիսով չափ կրճատվել են, բայց նույնիսկ այդ պայմաններում ջրասակավ տարիներին ջրի դեֆիցիտը շատ սուր է զգացվում։
Թե ինչպիսին կլինի այս տարվա ամառը` տեղումնառատ ձմեռվանից հետո, Կամո Աղաբաբյանը դժվարանում է կանխատեսել, քանի որ ՀՀ գործող ջրամբարների լցվածությունն այս պահի դրությամբ, ըստ նրա, անցած տարվա նույն ժամնակահատվածի համեմատ դեռևս մի փոքր պակաս է։
Բայց որպես ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ, մեր զրուցակիցը հույս ունի, որ օրենքով նախատեսված առավելագույն 150 մլն խմ–ից ավելի այս տարի Սևանա լճից ջրառ իրականացնելու կարիք չի առաջանա։ Եթե, իհարկե, եղանակային անոմալիաներ չլինեն։