ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. «Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել մամուլի հրապարակումների հիման վրա, ըստ որոնց` «Արգել ՀԷԿ»–ի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը։
Պարզվել է, որ մարտի 12–ին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Արգել գյուղի 12–15–րդ փողոցների տարածքում կոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված «Վեոլիա Ջուր»–ի աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող կոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։
«Նշված արարքը, առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության, ենթակա է վարչական պատասխանատվության»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Տեսչությունից նշում են, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ մարտի 14–ի երեկոյան, փականը փակվել է, ու կոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։