ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վանա լճի հատակին հայկական գրերով տապանաքար ու զարդանախշեր կան, որոնք Թուրքիան վերագրել է իրեն։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման եթերում այս մասին ասաց ջրասուզորդ, ստորջրյա հետազոտությունների մասնագետ Աննա Մարտիկյանը։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2017 թվականին թուրք սուզորդները հայտարարել էին Վանա լճի հատակին ուրարտական և սելջուկյան ամրոցների մնացորդներ գտնելու մասին։ Սակայն, ըստ Մարտիկյանի, հայկական արշավախմբի դիտարկումները լրիվ այլ պատկեր են ներկայացնում։
«Մենք ուզում էինք հասկանալ՝ որտեղ կարող է լինել Գագիկ Արծրունու կառուցած արհեստական նավահանգիստը և Ոստանավանի պալատի պատերը, որոնք մանրամասն նկարագրում է Թովմա Արծրունի պատմիչը։ Սուզվելով պատմական Արծկեում՝ մենք տեսանք ծովային բերդի պատերը, որը, ըստ պատմիչների, 1045 թվականին գրավել էր Տուղրիլ բեկը, և մի աշտարակ, որն անգամ տեղի ուղեկցորդները չէին տեսել։ Հենց այդ աշտարակի մոտ էլ նկատեցինք հայկական գրերով տապանաքարն ու զարդանախշերը»,– պատմեց սուզորդը։
Ըստ նրա՝ թեև թուրքական կողմը հաճախ լռում է կամ «սելջուկյան» որակում այդ կառույցները, հայկական պատմական աղբյուրները հստակ փաստում են դրանց հայկական ժառանգության մաս լինելու մասին։
«Եթե հնարավորություն ունենանք համատեղ ստորջրյա հետազոտություններ անցկացնել, ես վստահ եմ, որ հայկական աղբյուրները կօգնեն ավելի հարուստ պատմական հուշարձաններ գտնել Վանա լճի հատակին»,– շարունակեց Մարտիկյանը։
Հավելեց, որ Վանա լիճը միակը չէ, որի հատակին թաքնված են ջրասույզ հուշարձաններ։ Նրա խոսքով` ժառանգության հետքեր կան նաև ծովերում և օվկիանոսներում` պատմական նավերի և միջնադարյան առագաստանավերի տեսքով։
«Ինչպես հայտնի է պատմությունից, հայերը միջնադարում և ուշ միջնադարում նավարկել են․ հայ վաճառականները ծովային առևտուր են իրականացրել և ունեցել են բավական ակտիվ նավագնացություն։ Կան նաև փաստաթղթեր՝ աշխարհի տարբեր արխիվներում պահպանված, որտեղ նշված է՝ այդ նավերը մոտավորապես երբ են խորտակվել և ինչ բեռներ են ունեցել։ Դրանք բոլորը հայապատկան են։ Չեմ հանդգնում ասել՝ ամբողջությամբ հայկական են, որովհետև այդ ժամանակ Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն չուներ։ Բայց կարելի է ասել՝ դրանք հայերին պատկանող ժառանգություն են»,– ընդգծեց սուզորդը։
Նա պատմեց, որ Կալիֆոռնիայի համալսարանի հայագետ Սեպուհ Ասլանյանն ուսումնասիրել է մոտ երեք հազար փաստաթուղթ հայերի նավագնացության վերաբերյալ։
«Շատ հայտնի մի փաստ էլ կա` 2007 թվականին Կարիբյան ծովում ձկնորսները գտնում են հին գալիոններ և թնդանոթներ ու հրավիրում են Ինդիանայի համալսարանի ստորջրյա հնագետներին։ Չարլզ Բիկերի գլխավորությամբ նրանք ուսումնասիրում են այդ գտածոները և ապացուցում, որ դա հայերին պատկանող նավ է եղել։ Խոսքը 1866 թ. խորտակված «Քեդախ Մերչանտ» նավի մասին է, որի պատմությունը հայտնի է և հիշատակվում է նաև հանրահայտ հանրագիտարաններում»,– ավելացրեց Մարտիկյանը։
Նրա խոսքով՝ խորտակված նավի մնացորդները նաև «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանն է տեսագրել. մինչև գտնելը նա նույնպես փնտրում էր այն և տեսագրել է կորալներով ու մարջաններով պատված այդ նավաբեկորներից մի քանիսը։