ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ուկրաինայի հարցով բանակցություններում դադար է առաջացել, ամերիկացիներն այլ առաջնահերթություններ ունեն։ Այս մասին Financial Times պարբերականին տված մեկնաբանության մեջ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցություններում դադար է առաջացել։ Ամերիկացիներն այլ առաջնահերթություններ ունեն, և դա հասկանալի է», - հայտարարել է նա։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման համար:
«Ռազմաճակատում դինամիկան դրական է մեզ համար. մենք առաջ ենք շարժվում և մոտենում ենք մեր նպատակների իրագործմանը, սակայն, ինչպես ասել է նախագահ Պուտինը, մենք բաց ենք դիվանագիտական կարգավորման համար», - ասել է նա:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել է առաջիկայում նոր հանդիպման մասին: