ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Իսրայելը կշարունակի Իրանի դեմ գործողությունն առնվազն երեք շաբաթ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ Իսրայելն Իրանում դեռ հազարավոր թիրախներ ունի։
«Մենք պատրաստ ենք, ԱՄՆ-ի մեր դաշնակիցների հետ համակարգմամբ, իրականացնել պլաններն առնվազն մինչև հրեական Զատիկը, որը կլինի մոտ 3 շաբաթ անց։ Եվ մենք ավելի մանրամասն ծրագրեր ունենք դրանից հետո ևս 3 շաբաթ ժամանակահատվածի համար», - հավելել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։