ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Իրանի Սպահան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ընթացող հակամարտության ֆոնին դադարեցնում է աշխատանքը։ Տեղեկությունը հայտնել է Սպահանում ՌԴ գլխավոր հյուպատոսության տելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8–ին Իրանում հրթիռակոծության հետևանքով տուժել են Ռուսաստանի հյուպատոսության մի քանի աշխատակիցներ: Ծառայողական շենքում և բնակարաններում ապակիներ են ջարդվել, մի քանի աշխատակիցներ շպրտվել են պայթունի ալիքից։
«Ստեղծված իրավիճակի պատճառով Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: