ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Հնդկաստանում ՀՀ 20 քաղաքացի կա, ևս 12-ը Շրի Լանկայում են, ովքեր նախատեսում են մեկնել ավելի ուշ: Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նոր տվյալներ է հայտնում ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։
Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։
«Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Վնասվել է Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Հայաստանից Մերձավոր Արևելք չվերթեր իրականացնող մի քանի ավիաընկերություններ չեղարկել են մարտին նախատեսված թռիչքները։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։