Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Ավանեսյան

Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո ընտանիքում նորից լույս է վառվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Ասատրյանի քույրիկը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սյունիքի ճանապարհին էի, երբ ստացա այս լավ լուրը։ Երկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո իմ սիրելի Արմենի ու Կարինեի ընտանիքում նորից լույս վառվեց: Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Էլենն է` 3250 գրամ, 53 սմ: Էլենն ու մեր մյուս բալիկները կյանքի հանդեպ հավատի, սիրո և կյանքի շարունակության խորհրդանիշն են»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում:
Վահե Ասատրյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում, մոտ 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։
Նոյեմբերի 8-ի առավոտյան Վահեն վիրավոր ընկերոջ հետ մարտի է բռնվում Շուշիի մոտակայքում գտնվող «Կրկժան» կոչվող ձորում, որտեղ վիրավորվում է: Մնալով անօգնական` նոյեմբերի 11-12-ին զոհվում է դիպուկահարի կրակոցից: Նոյեմբերի 16-ին Կարմիր խաչի օգնությամբ Վահեի և իր զինակից ընկերների դիերը դուրս բերվեցին այնտեղից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Կյանքին ասել «այո». ինչպես են որդեկորույս հայ ընտանիքները որոշում երեխա ունենալ