ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է հարվածներ հասցնել ԱՄԷ-ի նավահանգիստներին՝ ի պատասխան Խարկ կղզու վրա ամերիկյան հարձակման։ Այս մասին հայտնում է «Tasnim»-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հրամանով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածել է իրանական Խարկ կղզուն և ամբողջությամբ ոչնչացրել բոլոր ռազմական թիրախները: Նա սպառնացել էր հարվածներ հասցնել նաև այդ կղզու նավթային ենթակառուցվածքներին։ ԱՄՆ նախագահը հարվածի տեսանյութը հրապարակել էր «Truth Social»-ի իր էջում:
«Մենք հայտարարում ենք ԱՄԷ առաջնորդներին, որ Իրանն իր ինքնիշխանության և տարածքի պաշտպանության շրջանակներում օրինական իրավունք ունի հարձակվել թշնամական ամերիկյան հրթիռային կայանքների վրա, որոնք տեղակայված են ԱՄԷ-ի մի քանի քաղաքների նավահանգիստներում, նավամատույցներում և բունկերներում»,- ասված է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարիի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ոչնչացումից հետո ԱՄՆ բանակը սկսել է օգտագործել ԱՄԷ-ի մի քանի քաղաքների նավահանգիստները, նավամատույցներն ու բունկերները՝ հրթիռներ արձակելով իրանական Աբու Մուսա և Խարկ կղզիների ուղղությամբ։
Զոլֆաղարին նաև ԱՄԷ բնակիչներին կոչ է արել հեռանալ նավահանգիստներից և այն վայրերից, որտեղ կարող են գտնվել ամերիկացի զինվորականները:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: