ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար, ԻՀՊԿ նախկին ղեկավար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը կդիտարկի մարտական գործողությունների դադարեցման հարցը միայն երկու պահանջի կատարման դեպքում՝ պատերազմի ընթացքում հասցված վնասի ամբողջական փոխհատուցում և անվտանգության երաշխիքներ ապագայի համար։ Այս մասին գրում է Sputnik-ը:
Ռեզայիի խոսքով՝ նման երաշխիքներն անհնար են առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի հեռանալու և տարածաշրջանից ամերիկյան բոլոր բազաների դուրսբերման: Նա ընդգծել է, որ Իրանը չի նահանջի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել այդ պայմանները:
Այս ֆոնին, «Fars» գործակալության հաղորդմամբ, Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբից հայտարարել են, որ իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածելու դեպքում Թեհրանը կոչնչացնի տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի նավթային ենթակառուցվածքները։
Ավելի վաղ «The Wall Street Journal» թերթը գրել էր, որ Սաուդյան Արաբիայի «Prince Sultan» ավիաբազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով վնասվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս հինգ լիցքավորող ինքնաթիռներ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: