Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար

Այսօր հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է 24–ժամյա հսկողություն, իսկ հայ–իրանական սահմանին տեղադրված նոր կայանը թույլ է տալիս վայրկյանների ճշտությամբ արձանագրել ցանկացած փոփոխություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Մերձավոր Արևելքում տիրող լարվածության և Իրանի հրթիռակոծությունների ֆոնին Հայաստանում ռադիացիոն իրավիճակը մնում է կայուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի ճառագայթային անվտանգության գլխավոր մասնագետ Կարեն Հարոյանը։
Երբ սկսեցին հրթիռակոծել Իրանը, կարծիքներ հնչեցին, որ ռադիոակտիվ ֆոնին մարդկանց մոտ շնչառական և ինքնազգացողության հետ կապված խնդիրներ են նկատվել։ Արդյոք կենտրոնը հետազոտե՞լ է այս ընթացքում ռադիացիոն անվտանգության մակարդակը, և որքանո՞վ է այն Հայաստանում այսօր նորմայի սահմաններում։
Ի՞նչ է պետք Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար. Փեզեշքիանը պայման է դրել
Հարոյանի խոսքով` այսօր հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է 24–ժամյա հսկողություն, իսկ հայ–իրանական սահմանին տեղադրված նոր կայանը թույլ է տալիս վայրկյանների ճշտությամբ արձանագրել ցանկացած փոփոխություն։
«Հայաստանում գործում է ճառագայթային մոնիտորինգի ժամանակակից համակարգ, որը բաղկացած է 32 կայանից։ Դրանք հիմնականում տեղակայված են ատոմակայանից մոտ 10–12 կմ շառավղով գտնվող բնակավայրերում և նպատակն է պատրաստ լինել, եթե ատոմակայանում լինի ինչ–որ վթար, որը կբերի արտանետումների, հնարավորություն ունենանք վաղ արձագանքելու և պլանավորելու հակազդման գործողություններ»,– ընդգծեց նա։
Գիտատեխնիկական կենտրոնի մասնագետը նաև նշեց, որ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները` 2025 թվականին ևս մեկ կայան է տեղադրվել հայ–իրանական սահմանին, սակայն մինչ այս պահը ճառագայթային անվտանգության իմաստով որևիցե մտահոգության առիթ չենք ունեցել։
«Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոնը 24/7 ռեժիմով տեղեկություններ է ստանում բոլոր կայաններից։ Այսօրվա դրությամբ որևէ մտահոգության տեղիք չունենք. ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն Հայաստանում չի արձանագրվել»,- նշում է Հարոյանը։
Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները ռադիոակտիվ ֆոնի փոփոխության կամ ճառագայթման դեպքում պաշտպանվելու համար։
«Բնակչությունն այսպիսի դեպքերում սովորույթ ունի արագ խուճապի մատնվելու։ Հորդորս է` չտարածել ոչ պաշտոնական տեղեկություն, չզբաղվել ինքնագործունեությամբ, չլսել ոչ մասնագիտական կարծիք և խորհուրդ, այլ միայն հետևել պաշտոնական լրահոսին։ Եթե անհրաժեշտություն լինի, և մենք կարիքը տեսնենք արձագանքելու, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն միանգամից համապատասխան տեղեկություն կտրամադրի և միջոցներ, գործողություններ կառաջարկի»,– ընդգծեց Հարոյանը։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: